Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումները քաղաքական օրակարգից չեն իջնում։ «Իրատես de facto»-ի հետ զրույցում այդ թեմային է անդրադառնում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ։
-Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված դռնփակ քննարկումների ժամանակ Էդուարդ Նալբանդյանի պատասխանները չեն գոհացրել ընդդիմությանը, իսկ ՕԵԿ-ը բավարարվա՞ծ է:
-Կարծում եմ, արտգործնախարարը բավականին հանգամանալից ներկայացրեց իրավիճակը: Իսկ որևէ տեղ տեսե՞լ եք, որ ընդդիմությանը բավարարի իշխանության կամ կառավարության ասածը և արածը: Գործընթացի ներկա փուլի համար Էդուարդ Նալբանդյանը բավարար տեղեկություն տրամադրել է: Պետք է հասկանանք, որ Մաքսային միությանը անդամակցելը կպահանջի երկար ժամանակ, որի ընթացքում թե՛ քաղաքական ուժերը, թե՛ մեր մյուս գործընկերներն առավել տեղեկացված կլինեն ամբողջ գործընթացի մանրամասներին, քանզի, ի վերջո, պառլամենտը պետք է վավերացնի բոլոր համաձայնագրերը:
-Այսօր հանրությանն ավելի շատ հետաքրքրում է, թե ինչ օգուտներ ենք ունենալու այս միությանը անդամակցելիս: Ձեր գնահատականով՝ ի՞նչ ենք շահելու:
-Մաքսային միությունը, որին ՀՀ-ն ցանկություն է հայտնել անդամակցելու, տնտեսական մի տարածք է, որին մենք արդեն բավականին ինտեգրված ենք: Մեր արտահանման կառուցվածքում համար մեկ գործընկերը Ռուսաստանն է, ԱՊՀ շրջանակներում ունենք բավականին ազատական առևտրային ռեժիմ: Եթե դրան հավելենք Մաքսային միության անդամ պետությունների` Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ մեր ռազմաքաղաքական դաշնակցությունը ՀԱՊԿ շրջանակներում, ապա ակնհայտ է, որ ռազմաքաղաքական այս տարածքի հետ նաև տնտեսական ինտեգրացիայի խորացումը օբյեկտիվորեն շահավետ է Հայաստանի համար: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԱՊՀ տարածքում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում, բնակվում են մի քանի միլիոն մեր հայրենակիցներ, որոնք նույնպես տնտեսապես կապված են Հայաստանի հետ, և այդ ճանապարհին խոչընդոտներ ստեղծելը պարզապես անթույլատրելի է: Մաքսային միությանն անդամակցության կարևոր օգուտներից է լինելու նաև մեր տնտեսության համար խոշորածավալ ներդրումների ներգրավումը, ինչի մասին, ի դեպ, նշվում է Մոսկվայում ՀՀ և ՌԴ նախագահների արած համատեղ հայտարարության մեջ:
-Այսօր որոշ քաղաքագետներ պնդում են, թե այս միության անդամ դառնալով Հայաստանում ժողովրդավարությունը զգալիորեն հետքայլ է արձանագրելու, քաղաքական համակարգում էլ կոռուպցիան խորանալու է: Ճշմարտության հատիկ չկա՞ ասվածում:
-Պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունը նախ և առաջ մեզ է անհրաժեշտ և, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի կառույցներում մենք կինտեգրվենք, մեր երկրում մարդու իրավունքների, դեմոկրատիայի և օրենքի գերակայությունը այլընտրանք չունի: Կամքի բացակայության պայմաններում նույնիսկ ժողովրդավարական կառույցների հետ համագործակցությունը այդ առումով ցանկալի արդյունքների չի բերի: Մաքսային միության անդամակցությունը դեռևս չի նշանակում մեր երկրում տևական ժամանակ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դադարեցում: Այս ոլորտում մենք ԵՄ-ի հետ ունենք համագործակցության ձևավորված ավանդույթներ և հաջողված փորձ, ինչը ոչ միայն չենք դադարեցնելու, այլև ձգտելու ենք խորացնել և ամրապնդել: Հետևաբար, մտահոգությունները, թե ժողովրդավարության առումով մենք հետընթաց կապրենք, մեծ հաշվով, ես չեմ կիսում, քանի որ նախ և առաջ այն պետք է մեր ժողովրդին, մեր զավակներին, երկրին ու հասարակությանը:
Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ